Ընտանիքի միջազգային օրվան նվիրված միջոցառումներ՝ ՔԿՀ-ներում․ Հայաստանի կինոյի հիմնադրամի անձանակազմն այցելել է «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ
մայիսի 16, 2025
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և Հայաստանի կինոյի հիմնադրամի համագործակցությամբ «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել էին Ընտանիքի միջազգային օրվան նվիրված կրթամշակութային միջոցառումներ։
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնակում ազատազրկված անձանց համար ցուցադրվել է ռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի «Աշնան արև» ֆիլմը։ Հրանտ Մաթևոսյանի համանուն ստեղծագործության հիման վրա նկարահանված այս ֆիլմը պատմում է գյուղական հայ ընտանիքի ներընտանեկան բարդ փոխհարաբերությունների, ծնող-զավակ կոնֆլիկտի, դրա հաղթահարման ուղիների մասին։ Միջոցառման շրջանակներում Հիմնադրամի աշխատակիցներ Գայանե Աղումյանը և Գոհար Սարգսյանն ազատազրկված անձանց ներկայացրել են նաև ֆիլմի նկարահանման պրոցեսը, նկարահանումների ընթացքում տեղի ունեցած հետաքրքրաշարժ իրավիճակները, որին հետևել է քննարկում ֆիլմում արտացոլված թեմաների շուրջ։
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց ներկայացվել է մեկ այլ հայ ընտանիքի կյանքն ու կենցաղը․ ցուցադրվել է Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմը։
Ֆիլմն ինքնակենսագրական է․ այն ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի և ֆիլմի առանցքային կերպարներից մեկը մարմնավորած Մհեր Մկրտչյանի ընտանիքի պատմությունն է։ Հիմնադրամի աշխատակիցների կողմից ներկայացվել են հետաքրքիր մանրամասներ նկարահանումներից, զուգահեռներ անցկացվել Մհեր Մկրտչյանի կյանքի և ֆիլմում տեղ գտած դրվագների միջև։ Ազատազրկված անձանց հետ քննարկվել են հայ ընտանիքի կոլորիտը, կնոջ դերն ընտանիքում, անձի վերասոցիալականացման ուղիները։
Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից ազատազրկված անձանց համար նույնպես կազմակերպվել էր տեղեկատվական միջոցառում։ Բաժնի մասնագետներն անցկացրել են սեմինար-քննարկում հասարակության մեջ ընտանիքի դերի մասին, ներկայացվել են ընտանիքի կարևորությունն անձի ձևավորման գործում, ինչպես նաև ծնողավարման հմտությունների ու կարողությունների ձեռքբերման և զարգացման ուղիները։