Թատրոնի միջազգային օրվա և Ծիծաղի համաշխարհային օրվա կապակցությամբ քրեակատարողական հիմնարկներում իրականացվել են մշակութային միջոցառումներ
ապրիլի 03, 2023
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը, համագործակցելով ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գրողների միության անդամ, գրող-թատերագետ, դրամատուրգ, արձակագիր, երգիծաբան, Վանաձորի պատվավոր քաղաքացի Սամվել Խալաթյանի հետ, «Վանաձոր» ՔԿՀ-ում դատապարտյալների շրջանում կազմակերպել էր մշակութային միջոցառում: Թատերագետի կողմից դատապարտյալներին հրամցվել է «Թատրոնի դերը և նշանակությունը մեր կյանքում» թեմայով դասախոսություն: Հումորի օրվա կապակցությամբ ցերեկույթի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երգիծական ժանրին: Ավարտին Ս. Խալաթյանը «Վանաձոր» ՔԿՀ-ի գրադարանին նվիրել է իր հեղինակային գրքերից մեկը:
Ողջյունի խոսքով հանդես է եկել սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Վահե Ղազարյանը՝ շնորհակալություն հայտնելով հյուրին՝ միջոցառմանը ներկա գտնվելու և իր խոսքը անազատության մեջ գտնվող անձանց անկեղծորեն փոխանցելու համար:
Հումորի միջազգային օրվան նվիրված «Ժպիտներ պարգևողները» խորագրով միջոցառում է կազմակերպվել ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում ինքնագործ մշակութային միավորման անդամ կին դատապարտյալների նախաձեռնությամբ։ Ներկայացվել են դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանի և դերասանուհի Սվետլանա Գրիգորյանի կյանքն ու գործունեությունը, այնուհետ ցուցադրվել է Ժիրայր Անանյանի «Տաքսի, տաքսի» երաժշտական կատակերգական ներկայացումը։