Պաշտոնական

Լիտվայում կայացել է «Քրեակատարողական հիմնարկներում անձնակազմի բարեկեցությունը» թեմայով աշխատաժողով

նոյեմբերի 04, 2025

Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուսում կայացել է «Քրեակատարողական հիմնարկներում անձնակազմի բարեկեցությունը» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել էր Բանտային և ուղղիչ ծառայությունների եվրոպական կազմակերպության (ԵվրոՊրիս) կողմից։

Աշխատաժողովին մասնակցել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի խորհրդական Անուշ Դանոյանը։

Միջոցառմանը ներկայացված էին ԵվրոՊրիսի անդամ բազմաթիվ երկրներ՝ Միացյալ Թագավորություն, Իռլանդիա, Ֆինլանդիա, Խորվաթիա, Նորվեգիա, Չեխիա, Իսպանիա, Իտալիա, Մոլդովա, Ավստրիա, Սլովակիա և այլ պետություններ։
Հայաստանը ԵվրոՊրիսի անդամ է դարձել
2024 թվականից։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են բանտային համակարգում աշխատողների բարեկեցության ապահովման և դրա համակարգի արդյունավետության վրա ունեցած ազդեցության հարցերը, որոնք ներկայում գնահատվում են որպես առանցքային։ Մասնավորապես ներկայացվել են տարբեր երկրների փորձերը՝ կապված անձնակազմի հոգեբանական աջակցության և բարեկեցության ծրագրերի ներդրման հետ։

Միջոցառումը նաև կարևոր հարթակ էր փորձի փոխանակման համար՝ հնարավորություն ընձեռելով ծանոթանալու ոլորտի առաջատար երկրների լավագույն փորձին։

Աշխատաժողովի շրջանակում մասնակիցները այցելել են «Վիլնյուս» ուղղիչ հիմնարկ, որտեղ պահվում են ինչպես կալանավորներ, այնպես էլ միջին և բարձր անվտանգության գոտիներում պատիժ կրող դատապարտյալներ։ Այցի ընթացքում նրանք ծանոթացել են ազատազրկված անձանց պահման պայմաններին, աշխատանքային զբաղվածության և վերասոցիալականացման գործընթացներին։