Լոռու մարզպետարանի աջակցությամբ «Վանաձոր» ՔԿՀ-ում կայացել է մարզական միջոցառում
հուլիսի 14, 2022
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կազմակերպված շուրջ երկամսյա մարզումներից հետո՝ սույն թվականի հուլիսի 13-ին, իրականացվել է հերթական մարզական միջոցառումը՝ եռամարտի առաջնություն։ Միջոցառումը նախապատրաստվել և իրականացվել է հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից՝ ՀՀ Լոռու մարզպետարանի, մասնավորապես մարզպետ Արամ Խաչատրյանի աջակցությամբ, վերջինիս օգնական Էրիկ Կոստանյանի, մարզիչ Արամ Զուրաբյանի, մարզիկներ Վրեժ Շարմազանյանի և Արգիշտի Բրուտյանի անմիջական մասնակցությամբ:
Միջոցառման ընթացքում 23 դատապարտյալ մեծ ոգևորությամբ պայքարել է մրցանակային տեղեր զբաղեցնելու համար: Արդյունքում՝ իրականացված առաջնության 1-ին երեք մրցանակային տեղերը համապատասխանաբար զբաղեցրած դատապարտյալներ Անդրանիկ Պալյանը, Համլետ Ասլանյանը, Գևորգ Պետրոսյանը Լոռու մարզպետարանի կողմից՝ ի դեմս Էրիկ Կոստանյանի, պարգևատրվել են պատվոգրերով։
Պատվոգրերի հանձնման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես են եկել հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Արսեն Արզումանյանը, պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արծրուն Պետրոսյանը և Լոռու մարզպետի օգնական Էրիկ Կոստանյանը, որոնք իրենց խոսքում կարևորելով անազատության մեջ գտնվող անձանց ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպումը և նրանց վերասոցիալականացմանը նպաստող նմանատիպ մրջոցառումների իրականացումը՝ շնորհավորել են հաղթողներին և քաջալերել բոլոր մասնակիցներին: Ա. Արզումանյանը իրենց մշտապես աջակցելու համար առանձնապես շնորհակալություն է հայտնել Լոռու մարզպետ Ա. Խաչատրյանին, ինչպես նաև մարզպետարանի ներկայացուցիչներին` ակնկալելով հետագայում ևս նմանատիպ համագործակցություններ: