Պաշտոնական

Խմբային աշխատանքներ՝ ազատազրկված անձանց հոգեսոցիալական հմտությունների զարգացման ուղղությամբ

հունվարի 07, 2026

«Արթիկ», «Վանաձոր», «Երևան-Կենտրոն», «Վարդաշեն», «Սևան», «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկների հոգեբաններն ու սոցիալական աշխատողներն ազատազրկված անձանց հետ իրականացրել են խմբային աշխատանքներ։

Ծրագրի շրջանակներում անդրադարձ է կատարվել ազատազրկված անձանց սոցիալական հմտությունների զարգացմանը, սոցիալական նորմերի և արժեքների յուրացմանը, ինչպես նաև հասարակության մեջ նրանց վերաինտեգրման գործընթացներին։

Քննարկումների ընթացքում ներկայացվել են իրավագիտակից և հասարակամետ վարքի ձևավորման առանձնահատկությունները, բացասական վարքի դրդապատճառների բացահայտման և կանխման եղանակները, ինչպես նաև հաղորդակցման և շփման հմտությունների զարգացումը։ Անդրադարձ է կատարվել նաև մարդկային արժեքների նշանակությանը և տեսակներին, ինքնաճանաչման գործընթացին, հույզերի և կոնֆլիկտների կառավարման առանձնահատկություններին։

Խմբային աշխատանքներն իրականացվել են վերապատրաստման դասընթացների հիման վրա։ Մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդումը» ծրագրի շրջանակներում Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների հոգեբաններն ու սոցիալական աշխատողները մասնակցել են համապատասխան վերապատրաստման դասընթացների։