Պաշտոնական

Ծառայության պետի առաջին տեղակալ Արտակ Հարությունյանն աշխատանքային այցի շրջանակներում «Սևան» քրեակատարողական հիմնարկում էր

մայիսի 11, 2020

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների առանձնահատկություններն ու խնդիրներն ուսումնասիրելու, ծառայակիցների աշխատանքային պարտականությունների կատարման գործընթացին ծանոթանալու և, առհասարակ, համակարգին վերաբերող հիմնախնդիրներն ու հարցերը բացահայտելու, քննարկելու, ինչպես նաև տեղում դրանց օպերատիվ լուծումներ տալու նպատակով շարունակվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանի աշխատանքային այցելություններն արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներ: Այս անգամ առաջին տեղակալն այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ։

Հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գևորգ Հովհաննիսյանի և հիմնարկի վարչակազմի ուղեկցությամբ Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Արտակ Հարությունյանը, պահպանելով հակահամաճարակային անվտանգության համապատասխան կանոնները, շրջայց է կատարել «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածքում, եղել է բնակելի գոտում, տեսակցությունների սենյակներում, մարզասրահում, խոհանոցում և հիմնարկի մյուս տարածքներում ու շինություններում: Յուրաքանչյուր տարածքում, ուսումնասիրելով իրավիճակը, համապատասխան հրահանգներ է տվել առկա թերությունները շտկելու ուղղությամբ։ 

Շրջայցի ընթացքում ծանոթացել է նաև դատապարտյալ անձանց պահման ու պատժի կրման կարգին ու պայմաններին, հանդիպել ազատազրկված անձանցից մի քանիսի հետ, լսել նրանց կողմից ներկայացված խնդիրները: Այցելության ընթացքում Արտակ Հարությունյանին ուղեկցել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի մի քանի անդամներ, որոնց հետ միասին հանձնաժողի նախագահ Ա. Հարությունյանն ընդունել և առանձնազրույց է ունեցել բաց տեսակի ուղղիչ հիմնարկ տեղափոխվելու հարցով դիմած ազատազրկված անձանց, այդ թվում՝ ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալների հետ: 

Այցելության ավարտին քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալը, կրկին պահպանելով հակահամաճարակային անվտանգության կանոնները, քննարկում-խորհրդակցություն է անցկացրել քրեակատարողական հիմնարկի ղեկավար անձնակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում  «Սևան» քրեակատարողական հիմնարկի գործունեության կազմակերպման բարեփոխումներին առնչվող խնդիրներից բացի՝ քննարկվել են նաև  համակարգում գործունեության կազմակերպման նոր սկզբունքների, դրանցից բխող գործելակերպի, ծառայությունը կրելու և աշխատանքներն իրականացնելու կարգի ու պայմանների ընդհանրական ձևաչափերով պայմանավորված պահանջների ներկայացմանն ու դրանք կատարելապես համակարգի շահերին ծառայեցնելու ուղիներին վերաբերող բազմաթիվ հարցեր: Արտակ Հարությունյանն անդրադարձել է նաև կոռուպցիոն ռիսկերի և դրսևորումների իսպառ վերացմանն ուղղված աշխատանքների իրականացմանը՝ առանձնապես արձանագրելով, որ Քրեակատարողական ծառայությունը խստագույնս հետևողական է լինելու ոչ օրինական աշխատաոճի և ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու յուրաքանչյուր դեպքի կապակցությամբ:

Այցելության արդյունքները, ինչպես նաև  Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Արտակ Հարությունյանի կողմից «Սևան» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին ուղղված ընդհանրական, խմբային և անհատական առաջարկությունները, նկատառումները և մյուս պահանջներն արտացոլվելու են համապատասխան արձանագրությունում: