Ծովինար Թադևոսյանը ելույթով հանդես է եկել Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված քննարկմանը
հունիսի 27, 2025
Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը մասնակցել է Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված քննարկմանը, որը կազմակերպվել էր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից։
Իր ելույթում Ծովինար Թադևոսյանն անդրադարձել է քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի վիճակագրությանը, դրանց հիմքում ընկած պատճառներին և առանձնահատկություններին։
Ծառայության պետը ներկայացրել է վերոնշյալ դեպքերի կանխարգելման հիմնական մեխանիզմները, մասնավորապես քրեակատարողական հիմնարկի բազմամասնագիտական թիմի փոխլրացված աշխատանքի կարևորությունը, նաև քրեակատարողական հիմնարկների համապատասխան ծառայողների, հատկապես անվտանգության ապահովման բաժնի ծառայողների վերապատրաստումները ռիսկայնության աստիճանի բացահայտման և կանխման համար։ Ներկայացվել են նաև մշակման փուլում գտնվող նախաձեռնությունները, որոնք թույլ կտան ստեղծել առավել մեծ հնարավորություններ՝ իրականացնելու անհատական աշխատանքներ ինքնավնասումներ կատարող ազատազրկված անձանց հետ։
Ելույթի ավարտին Ծովինար Թադևոսյանը պատասխանել է մասնակից պետական գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին։