«Կանանց ազատազրկման նկատմամբ գենդերազգայուն մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը» թեմայով քննարկում՝ Քրեակատարողական ծառայությունում
փետրվարի 13, 2025
Փետրվարի 13-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Կանանց ազատազրկման նկատմամբ գենդերազգայուն մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը» թեմայով։
Քննարկմանը մասնակցել են Ծառայության կենտրոնական մարմնի և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի, Արդարադատության նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Պրոբացիայի ծառայության, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի, Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի, Ռաուլ Վալենբերգ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի, Հայաստանում կանանց հիմնադրամի, Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչները։
Իր ձևաչափով աննախադեպ այս հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել մասնակից կառույցների և կազմակերպությունների կողմից «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում արձանագրված խնդիրները, ուսումնասիրել առաջարկությունները և գտնել հնարավոր լուծումները։
Մասնավորապես անդրադարձ է եղել հիմնարկի շենքային պայմաններին, ազատազրկված կանանց սննդի և հիգիենայի ապահովմանը, արտաքին աշխարհի հետ կապին, ինչպես նաև բուժսպասարկմանն առնչվող առանձին խնդիրներին։ Հատուկ ուշադրության կենտրոնում են եղել իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող ազատազրկված կանանց հարցերը։
Կառույցներից յուրաքանչյուրն իր իրավասության շրջանակներում տվել է հստակ պատասխաններ քննարկման ընթացքում բարձրացված մի շարք հարցերի վերաբերյալ, իսկ որոշ խնդիրներ պահանջում են առավել խորքային լուծումներ, որոնց ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ։
Շարունակական բարեփոխումների համատեքստում ներկայացվել են ազատազրկված կանանց տրամադրվող հանդերձանքի նոր լրակազմը, հեռախոսակապի նորացված համակարգը, ինչպես նաև հիմնարկում իրականացված և շարունակվող մեծածավալ շինվերանորոգման աշխատանքները։
Ներկաները փաստել են նմանատիպ հանդիպումների արդյունավետությունը՝ անմիջական քննարկումների միջոցով խնդիրներին ավելի հրատապ և օպտիմալ լուծումներ տալու համար։