Մշակութային

Կրթամշակութային և մարզական միջոցառումներ՝ «Աբովյան», «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներում

դեկտեմբերի 19, 2024

Ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացման աշխատանքների համատեքստում «Աբովյան», «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել են տարաբնույթ միջոցառումներ։

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի հետ համատեղ՝ Ամանորին ընդառաջ կազմակերպել են միջոցառում կին ազատազրկված անձանց համար։ Միջոցառմանը հրավիրված երգիչները հանդիսատեսի առջև հանդես են եկել ազգագրական և ժողովրդական երգերով։

Կրթամշակութային միջոցառումներ են անցկացվել նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Հայաստանի թատերական գործիչների միության և հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի օժանդակությամբ դատապարտյալների մշակութային ինքնագործ միավորման նախագահ դատապարտյալ Մուշեղ Մխիթարյանի կողմից անցկացվող «Թատրոնը և մենք» դասախոսությունների շրջանակներում հիմնարկ էր այցելել Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Էլֆիկ Զոհրաբյանը։ Նա դատապարտյալների համար կարդացել է «20-րդ դարի թատրոնը» և «Աբսուրդի թատրոն» թեմաներով դասախոսություններ։ Բացի այդ՝ հիմնարկի ազատազրկված անձինք ունեցել են ևս մեկ հետաքրքիր հանդիպում թեմայի շուրջ։ Այս անգամ հիմնարկ էր այցելել դերասան, դրամատուրգ, Շիրակացու ճեմարանի դասախոս Գարիկ Ղազարյանը, որը կարդացել է դասախոսություն «Հեռուստաթատրոն» թեմայով։

«Գորիս» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից կազմակերպվել էր մարզական միջոցառում ձգում պտտաձողի վրա մարզաձևից։ Համառ պայքարում լավագույն արդյունք է գրանցել դատապարտյալ Տիգրան Մարկոսյանը՝ կատարելով 17 ձգում։ Դատապարտյալներ Արա Տիգրանյանը և Էդգար Մելքումյանը կատարել են համապատասխանաբար 16 և 15 ձգում՝ զբաղեցնելով երկրորդ և երրորդ հորիզոնականները։