Կրթության իրավունք, խոցելի խմբեր․ քննարկումներ ԵԽ Ուղղիչ քաղաքականության հարցերով համագործակցության խորհրդի 15-րդ լիագումար նիստին
նոյեմբերի 27, 2025
Քրեակատարողական ծառայության շտաբի պետի տեղակալ, արդարադատության մայոր Ռաֆայել Հարությունյանը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Ուղղիչ քաղաքականության հարցերով համագործակցության խորհրդի 15-րդ լիագումար նիստին։
Նիստի ընթացքում քննարկվել են քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց կրթության ապահովման հասանելիությունն ու պատշաճ կազմակերպումը, հատուկ խմբերի կրթական աջակցության առանձնահատկությունները, ինչպես նաև ուսումնական հաստատությունների հետ համագործակցության ձևերն ու մեխանիզմները։ Մասնակիցներն անդրադարձել են նաև անդամ պետություններում ուսումնական գործընթացներում թվային գրագիտության խթանման կարևորությանը։
Հատուկ ուշադրություն է դարձվել կին ազատազրկված անձանց խնդիրներին՝ ընդգծելով նրանց խոցելիության աստիճանը, ինչպես նաև հղի և կերակրող մայրերի պատժի կրման առանձնահատկությունները։
Քննարկվել են նաև օտարերկրացի ազատազրկված անձանց առնչվող խնդիրները՝ մեկուսացվածություն, լեզվական խոչընդոտներ, սոցիալական աջակցության սահմանափակ հասանելիություն, վերաինտեգրման դժվարություններ և այլն։ Այս համատեքստում Ռաֆայել Հարությունյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող օտարերկրացի ազատազրկված անձանց իրավունքների իրացման ուղղությամբ վերջին շրջանում իրականացված քայլերը, մասնավորապես՝ ՀՀ պետական միջոցների հաշվին նրանց համար թարգմանչական ծառայությունների տրամադրման գործընթացները։