Պաշտոնական

Համագործակցության եռակողմ հուշագիր՝ Քրեակատարողական ծառայության, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի, փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի միջև

մայիսի 30, 2025

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը, ինչպես նաև փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը մայիսի 30-ին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր։

Եռակողմ հուշագիրը ստորագրվել է՝ կարևորելով քրեակատարողական ոլորտի օրենսդրության մշտական կատարելագործման համար գիտական հիմնավորման, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական աջակցության և վերասոցիալականացման գործընթացների գիտահեն կազմակերպման անհրաժեշտությունը։

Ըստ հուշագրի՝ կիրականացվեն քրեակատարողական օրենսդրության համատեղ մշակումներ, վերլուծություններ, վերասոցիալականացման և սոցիալ-հոգեբանական աջակցության գործիքակազմի համատեղ ուսումնասիրություններ, քննարկումներ։ Համագործակցության շրջանակներում նաև կկազմակերպվի ուսանողների  մասնագիտական պրակտիկան քրեակատարողական հիմնարկներում, ֆակուլտետների դասախոսները կներգրավվեն Ծառայության աշխատակիցների վերապատրաստման գործընթացներին, Ծառայության մասնագետները հանդես կգան դասախոսություններով ֆակուլտետներում դասավանդվող որոշ առարկաների շրջանակներում։  

Ողջունելով նախաձեռնությունը՝ կողմերը նշել են, որ հուշագիրը կամրապնդի տարիների փորձ ունեցող համագործակցությունը և առավել գործուն դաշտ կստեղծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների համար։

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, բարձր գնահատելով դասախոսական և ուսանողական համայնքի դերը, իր խոսքում հատկապես կարևորել է քրեակատարողական համակարգում գիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների անհրաժեշտությունը, որը կնպաստի գիտության և պրակտիկայի միջև անջրպետի վերացմանը։