Հայ կինոյի 100-ամյակի առթիվ «Աբովյան» ՔԿՀ-ում տեղի է ունեցել ազգային ֆիլմի ցուցադրություն
մայիսի 05, 2023
2023 թվականին հայկական կինոն տոնում է իր հիմնադրման 100-ամյակը: Այս առիթով Հայաստանի ազգային կինոկենտրոնը նախաձեռնել է մեծ նախագիծ, որի շրջանակներում ազգային կինոյի լավագույն ֆիլմերը ներկայացվելու են Հանրապետության ողջ տարածքում:
Այս նախագծից անմասն չեն մնացել նաև ազատազրկված կանայք. մայիսի 4-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում Կինոկենտրոնի կողմից ցուցադրվել է ռեժիսոր Շավարշ Վարդանյանի «Իմ խաչը» ֆիլմը: Հիմնված լինելով իրական դեպքերի վրա՝ ֆիլմը պատմում է 1991-1992 թվականների արցախյան պատերազմի մասին՝ ներկայացնելով սխրանքներով, սիրով, նվիրումով լի հայ մարդու կյանքի ուղին:
Ֆիլմի ավարտից հետո կին դատապարտյալները շնորհակալություն են հայտնել Հայաստանի ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչներին՝ Հայ կինոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին իրենց մասնակից դարձնելու համար, և ցանկություն հայտնել, որպեսզի այս նախաձեռնությունը կրի շարունակական բնույթ: