Մշակութային

«Հայ ու Հայաստան» խորագրով միջոցառում «Արմավիր» ՔԿՀ-ի ազատազրկված անձանց մասնակցությամբ

հունիսի 24, 2022

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հունիսի 24-ին կազմակերպվել էր «Հայ ու Հայաստան» խորագրով միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ստորաբաժանումների ներկայացուցիչներ, հիմնարկի վարչակազմը և ՊՈԱԿ-ի ողջ դասախոսական կազմը։

Միջոցառմանն իրենց պատրաստած ելույթով հանդես են եկել դատապարտյալները, որոնք ներկայացրել են Հայոց աշխարհի և հայ ժողովրդի պատմության բեկումնային և հսկայածավալ էջերից համառոտ հատվածներ՝ սկսած վաղ շրջանից մինչ մեր օրերը՝ էպոս, առասպելաբանություն, Արտաշեսյան և Արշակունյաց դինաստիաներ, քրիստոնեություն, հայոց գրեր, Կիլիկյան Հայաստան, ազգային-ազատագրական շարժումներ, 44-օրյա պատերազմ և այլ կարևորագույն դրվագներ, ինչպես նաև՝ հայ գրական մշակույթը, մշակույթի խոշորագույն ներկայցուցիչների՝ իրենց գրական և ստեղծագործական կենսագրությամբ։ Ազատազրկված անձինք արտասանել են հայ դասականների՝ օրվա խորհրդին համահունչ ստեղծագործություններից։

Անդրադարձ է կատարվել նաև հայի տեսակին, նրա անկումներին և վերելքներին, պարտություններին և հաղթանակներին։

Միջոցառմանը մասնակցել է երկու տասնյակից ավել ազատազրկված անձ, որոնց հետ ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շուրջ երկու ամիս տարվել են նախապատրաստական աշխատանքներ։ 

Օրվա համար կազմակերպվել էր նաև ցուցահանդես, որտեղ ներկայացված են եղել 39 դատապարտյալների ստեղծագործական աշխատանքները։

ՖՈՏՈՇԱՐՔ