«Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն Սամվել Հովհաննիսյանն ազատազրկված անձանց ծանոթացրել է կերպարվեստում բնանկար ժանրին
դեկտեմբերի 25, 2024
Ազատազրկված անձանց վերասոցիալականացման և կրթամշակութային կյանքին հաղորդակից լինելուն ուղղված ծրագրերի, ինչպես նաև Քրեակատարողական ծառայության և «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրականացվել են «Բնանկարը հայ կերպարվեստում» խորագրով ցուցահանդես և «Կերպարվեստի ժանրերը» խորագրով դասախոսություն:
«Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներն ազատազրկված անձանց ցուցադրել են պատկերասրահից բերված աշխարհահռչակ հայ նկարիչների ստեղծագործությունների բնօրինակները՝ հընթացս ներկայացնելով նրանց ստեղծագործական ուղին և կենսագրությունը:
ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն Սամվել Հովհաննիսյանը խոսել է կերպարվեստում բնանկար ժանրի բազմադարյան պատմության մասին՝ այն համեմելով պատմական փաստերով և նշելով այդ ժանրում առաջնակարգ վարպետների:
Ս. Հովհաննիսյանն անդրադարձ է կատարել նաև համաշխարհային հռչակ վայելող գեղանկարիչ Հ. Այվազովսկու ծովանկարներին և նշել, որ չնայած ծովը նրա տարերքն էր, սակայն նկարիչը չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը՝ ներկայացնելով Հ. Այվազովսկու «Նոյն իջնում է Արարատից» կտավը:
Դասախոսության ավարտին ազատազրկված անձինք իրենց շնորհակալությունն են հայտնել պատկերասրահի ներկայացուցիչներին, այնուհետև հյուրերի և ազատազրկված անձանց միջև ծավալվել է բուռն քննարկում՝ հարց ու պատասխան ձևաչափի շրջանակներում: