Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի տեղակալն այցելել է «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներ
հունիսի 05, 2025
Քրեակատարողական ծառայության և Հայաստանի ազգային պատկերասրահի համագործակցությամբ «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել էին կրթամշակութային մեծ միջոցառումներ։
Հունիսի 3-ին «Նուբարաշեն», իսկ հունիսի 4-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկները հյուրընկալել էին Ազգային պատկերասրահի տնօրենի տեղակալ Սամվել Հովհաննիսյանին, որն իր հետ բերել էր պատկերասրահում ներկայացված հայազգի մեծանուն գեղանկարիչներ Հովհաննես Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Հակոբ Կոջոյանի և Վարդգես Սուրենյանցի ստեղծագործությունների, Երվանդ Քոչարի նատյուրմորտների կրկնօրինակները։
Սամվել Հովհաննիսյանն ազատազրկված անձանց հետ անցկացրել է նաև տեղեկատվական դասընթաց-քննարկում, որի շրջանակներում ներկայացրել է մեծանուն նկարիչների ստեղծագործական կյանքի ուղին, գեղանկարչական ոճերի ու միտումների առանձնահատկությունները, մանրամասն պատմել կտավների մասին։
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում Սամվել Հովհաննիսյանը տեսաշարի միջոցով ներկայացրել է նաև Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման պատմությունը, ցուցասրահները, հայկական և արտասահմանյան կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի բացառիկ ցուցանմուշները։
Ազատազրկված անձինք մեծ ոգևորությամբ են մասնակցել կրթամշակութային միջոցառմանը, բազմաթիվ հարցեր ուղղել Սամվել Հովհաննիսյանին՝ ցանկություն հայտնելով միջոցառման շարունակականության վերաբերյալ։