Պաշտոնական

Հայաստանյան պատվիրակության այցը՝ Վրաստանի քրեակատարողական համակարգ

մայիսի 02, 2022

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրերի շրջանակում սույն թվականի ապրիլի 26-29 Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության պատվիրակությունը Ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Խաչիկ Հարությունյանի և սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանի մասնակցությամբ ճանաչողական այց է իրականացրել Վրաստանի քրեակատարողական համակարգ։

Եռօրյա աշխատանքային այցի ընթացքում պատվիրակությունը եղել է Վրաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում, Հատուկ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում, Հանրային իրավունքի իրավաբանական անձի արդարադատության վերապատրաստման կենտրոնում, քրեակատարողական հիմնարկներում, դատապարտյալների հիվանդանոցում և այլ մարմիններում, հանդիպումներ է ունեցել նաև համակարգի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ։ 

Պատվիրակության անդամները ծանոթացել են հարևան երկրի ՔԿՀ-ներում տարվող ընդհանուր աշխատանքներին, ազատազրկված անձանց պահման պայմաններին, նրանց վերասոցիալականացմանն ու զբաղվածությանը, ինքնասպանությունների կանխարգելմանն ուղղված ծրագրերին, ուսումնասիրել են վերականգնողական ծառայություններն ու իրավական պաշտպանության միջոցները։ Ճանաչողական այցի թիրախային հարցերից են եղել հատկապես անվտանգության միջոցառումների կազմակերպման առանձնահատկությունները։