Մշակութային

Հայոց բանակի քաջորդիներին նվիրված միջոցառում «Աբովյան» ՔԿՀ-ում

օգոստոսի 03, 2020

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ դատապարտյալների լուսավորչական ինքնագործ միավորման կողմից օրերս կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված սահմանը պահպանող Հայոց բանակի քաջորդիներին։

Միջոցառման ընթացքում ընթերցվել են օրվա խորհրդին համահունչ այնպիսի գործեր, ինչպիսիք են Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված», «Ես իմ անուշ Հայաստանի», «Չապրած գարունները», Գևորգ Էմինի «Սասունցիների պարը» և Պետրոս Դուրյանի «Իմ ցավը» բանաստեղծությունները։ Ազատազրկված կանանք կատարել են նաև հայրենասիրական երգեր, ինչպես նաև ներկայացրել են հայ զինվորի անկոտրում կամքն ու  հայեցի ոգին, հայրենիքի հանդեպ ունեցած մեծ սերն ու նվիրումը, որոնց շնորհիվ մեր սահմանները մնում են հզոր, իսկ հայ ժողովուրդը՝ մշտապես պաշտպանված: Այնուհետ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորների հիշատակը։ 

Միջոցառման ավարտին մասնակիցներն արտահայտել են իրենց մտքերն այն հիմնական գաղափարախոսությամբ, որ հայրենիքի և զոհված զինվորի հիշատակի առաջ բոլորի պարտքն է լինել հայրենասեր, ունենալ քաղաքացիական բարձր ինքնագիտակցություն և միմյանց հանդեպ դրսևորել հանդուրժողականություն: Ցերեկույթն ամփոփել են Ե․ Չարենցի խորհրդանշական խոսքերով. «Ո՛վ, հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։ 

Իսկ ավելի վաղ «Աբովյան» ՔԿՀ-ում կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված հայ ականավոր բանաստեղծ Պարույր Սևակին, որի ընթացքում նախ ընթերցվել էր Պ․ Սևակի կենսագրականը՝ հատկապես կարևորելով  նրա այն բնավորության գծերը, որոնք ինքնատիպ էին հենց նրան, այնուհետև ազատազրկված կանանցից յուրաքանչյուրը ներկայացրել էր Սևակի բանաստեղծություններից, վերլուծել իր կարդացած բանաստեղծությունը յուրովի։ Միջոցառումն ավարտվել էր սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի ծառայողների հորդորով․ «Փորձեք հիշել միշտ սևակյան փիլիսոփայությունը  և կիրառել փոխադարձ հարաբերություններում։ Ամեն մի անցկացվող միջոցառում թող ուսուցանելի լինի ձեր հետագա կյանքի համար, կապ չունի, թե որտեղ եք գտնվում, կարևորը լինեք հավասարակշռված, համբերատար, միշտ փնտրեք և գտնեք բարին ու լավը»։