Մշակութային

Հայոց բանակի օրվա առթիվ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ցուցադրվել է «Պատերազմի ցեցը» ներկայացումը

հունվարի 26, 2024

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ Հայոց բանակի օրվա առթիվ կազմակերպվել է միջոցառում․ ցուցադրվել է «Շունչ» թատրոնի «Պատերազմի ցեցը» ներկայացման տեսագրված տարբերակը։ Պիեսը պատմում է պատերազմի գույժը լսած մի ընտանիքի մասին, որը մարմնավորում է հայ ազգի հավաքական կերպարը։

Ցուցադրմանը ներկա են եղել դերասաններ Սամվել Դանիելյանը և Սեյրան Մովսիսյանը, որոնք ներկայացրել են ստեղծագործության գաղափարն ու նպատակները։

Ներկայացումը շատ ջերմ է ընդունվել ազատազրկված անձանց կողմից, հնչել են դրական կարծիքներ։ Դերասանները պատասխանել են դատապարտյալներին հետաքրքրող հարցերին, քննարկվել են նաև թատերական արվեստի առանձնահատկությունները։

Միջոցառման ավարտին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը  Սամվել Դանիելյանին և Սեյրան Մովսիսյանին հանձնել է շնորհակալագրեր, իսկ ազատազրկված անձինք նախ՝ շնորհակալություն են հայտնել միջոցառման կազմակերպման համար, ապա՝ նվիրել դերասաններին իրենց ձեռքի աշխատանքները։