Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումներ՝ «Աբովյան», «Սևան», «Վանաձոր» և «Գորիս» ՔԿՀ-ներում
հունվարի 29, 2026
ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցիչ Աննա Մուրադյանի նախաձեռնությամբ հիմնարկում կազմակերպվել էր ցերեկույթ՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 34-ամյակին։
Կարևորելով հայրենասիրական դաստիարակության և սերունդների միջև կապի ամրապնդման գաղափարը՝ միջոցառման ընթացքում հնչել են հայրենասիրական բանաստեղծություններ, ներկայացվել է բեմականացում, որում անդրադարձել են զինվորի կերպարին, հայրենիքի պաշտպանության գաղափարին և բանակի դերին մեր պետության կյանքում։
Միջոցառմանը ներկա են եղել նաև պատերազմի բովով անցած մարտիկներ՝ ՀՀ ՊԲ սպա, փոխգնդապետ, ԵՊՀ դասախոս Վիտյա Յարամիշյանը, ինչպես նաև 44-օրյա պատերազմի մասնակից Էդմոնդ Հովագիմյանը, որոնց ներկայությունն առանձնահատուկ հուզական մթնոլորտ է ստեղծել։ Նրանց փորձն ու խոսքը, երաժշտական կատարումը մեծ ազդեցություն են ունեցել ներկաների վրա՝ ընդգծելով բանակի, խաղաղության և անձնազոհության արժեքը։
«Սևան» քրեակատարողական հիմնարկում նույնպես անցկացվել է միջոցառում ՊՈԱԿ-ի և դատապարտյալների մշակութային ինքնագործ միավորման հետ համատեղ։ «Հզոր բանակ, հզոր Հայաստան» խորագիրը կրող միջոցառման շրջանակներում ցուցադրվել է «Դավիթ Բեկ» ֆիլմը։ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի և Բանակի կազմավորման օրվա կապակցությամբ ցուցադրվել է «Խրամատի ընկերը» ֆիլմը, իսկ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց ցուցադրվել է «Հայկական բանակի ստեղծումը» ֆիլմը։