Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումներ քրեակատարողական հիմնարկներում
հունվարի 29, 2025
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում իրականացվել են բազմաբնույթ միջոցառումներ՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձին։
Տոնի կապակցությամբ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Արթուր Կարապետյանը սահմանել է 2 ռեկորդ՝ 1 րոպեում 20 կիլոգրամանոց 2 կշռաքարերը ձեռքերով միաժամանակ բարձրացնելու, ինչպես նաև՝ 20 կիլոգրամանոց 2 կշռաքարերը 101 անգամ հաջողությամբ բարձրացնելու միջոցով։ Վարժությունները կատարվել են Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արթիկ» ստորաբաժանման մասնագետների հսկողությամբ։ Իր ռեկորդների շնորհիվ Արթուր Կարապետյանն ընդգկրկվեց «Դյուցազնագրքում»։
Տոնը յուրովի նշել են նաև «Վանաձոր», «Երևան-Կենտրոն», «Սևան» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում։ «Վանաձոր» ՔԿՀ-ում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի պատմության ուսուցիչ Ռոբերտ Եղյանն անցկացրել է դասախոսություն բանակի առաքելության, նշանակության մասին, իսկ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեղի են ունեցել շաշկու և դոմինոյի առաջնություններ։ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալ Սանասար Անինյանն իր հեղինակած բանաստեղծություններն է ներկայացրել մյուս ազատազրկված անձանց։
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակից Արմեն Եզեկյանը Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառման շրջանակներում ներկայացրել է հայկական բանակի կազմավորման պատմությունը, այնուհետև կին դատապարտյալները հանդես են եկել իրենց կատարումներով, օրվա առթիվ ցուցադրվել են նաև փաստավավերագրական տեսահոլովակներ, ինչպես նաև «Հերոսական նովելներ» ֆիլմաշարից «Հրամանատարի թոռը» ֆիլմը։