Մշակութային

Հասարակական և քաղաքական գործիչ Անի Սամսոնյանը հանդիպել է ազատազրկված անձանց հետ

ապրիլի 19, 2022

Ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հասարակական և քաղաքական գործիչ Անի Սամսոնյանն այցելել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որի գրադարանում որպես բանախոս զրույց-քննարկում է ունեցել շուրջ երկու տասնյակ ազատազրկված անձանց հետ «Մարդու դերը հասարակության մեջ» թեմայով։

Խոսքով հանդես է եկել նաև «Արմավիր» ՔԿՀ-ի ՍՀԻԱ բաժնի աշխատակից Հովհաննես Համբարձումյանը, որն իր ելույթում հանգամանալից ներկայացրել է հատկապես հայոց պետականության պահպանման կարևորությունն ու դերը հայ ժողովրդի կյանքում և անվտանգ գոյության ամրապնդման հարցում։

Հանդիպումն ընթացել է դատապարտյալների ակտիվ մասնակցությամբ, բանախոսին տրվել են բազմաթիվ հարցեր թեմայի վերաբերյալ։ 

Նշենք, որ դեռևս սույն թվականի մարտից ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում «Մշակութային ինքնագործ միավորում» խմբի անդամ դատապարտյալների առաջարկով և նախաձեռնությամբ, հիմնարկի ՍՀԻԱ բաժնի աշխատակիցների աջակցությամբ իրականացվում է եռամսյա ծրագիր, որի շրջանակներում կազմակերպվում են հանդիպումներ տարբեր ոլորտի անձանց հետ։ Ծրագիրն ուղղված է ազատազրկված անձանց վերասոցիալականացմանը։