Մշակութային

«Հավերժի ճամփորդ Հայաստանս». միջոցառում «Սևան» քրեակատարողական հիմնարկում

հունիսի 02, 2023

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում իրականացվող կրթական ծրագրերի շրջանակներում «Սևան» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել Մայիսյան հերոսամարտերին նվիրված հերթական միջոցառումը, որը կազմակերպել էր ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ։ 

«Հավերժի ճամփորդ Հայաստանս» խորագիրը կրող միջոցառումը հիմնարկում գործող ինքնագործ մշակութային խմբի ղեկավար, դատապարտյալ Արտակ Ալեքյանի նախաձեռնությամբ իրականացրել է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Դանելյանը: Միջոցառմանը ներկա են եղել հիմնարկի վարչակազմի անդամներ, ՊՈԱԿ-ի վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի պետ Հասմիկ Հովակիմյանը, Իրավական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Նարե Հովհաննիսյանը, կինոռեժիսիոր Դավիթ Ստեփանյանը և ուսուցիչներ:

Սարդարապատի հերոսամարտին նվիրված միջոցառումը իր ձևաչափով ինքնատիպ դաս է եղել՝ հագեցած հայրենասիրական թեմաներով: Ընթացքում ոգեկոչվել են հայ այն նահատակների անունները, որոնք վասն հայրենյաց զոհվեցին՝ պաշտպանելով և մեզ հասցնելով հավերժ ճամփորդող Հայաստանը: Մասնակիցները դիտել են «Անդրանիկ» փաստավավերագրական ֆիլմը, որը ամփոփվել է քննարկմամբ:

Միջոցառմանը հանրակրթական ծրագրերի մասնակից, ավագ դասարանում ուսանող դատապարտյալ Ար․ Ալեքյանը միջոցառումներին և կրթական ծրագրերին ակտիվ մասնակցության համար ՊՈԱԿ-ի կողմից ստացել է շնորհակալագիր: