Հատուկ Աղոթագիրք ազատազրկված անձանց համար
սեպտեմբերի 27, 2019
Ազատազրկված անձանց հոգևոր սնուցման, նրանց հավատն ու հույսը ամուր պահելու և լիացնելու համար քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար իրականացվում են հոգևոր բնույթի միջոցառումներ:
Հերթական միջոցառումը սեպտեմբերի 27-ին կազմակերպվեց ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում: Սբ. Նահատակաց եկեղեցում կայացավ քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Ռուբեն վարդապետ Զարգարյանի կազմած «Աղոթագիրք. ճանապարհ ազատության» գրքի շնորհանդեսը՝ մասնակցությամբ դատապարտյալների, հիմնարկի վարչակազմի: Գրքում զետեղված են աղոթքներ և սաղմոսներ, այն նախատեսված է ազատազրկման վայրերում գտնվող անձանց համար:
Ներկա էին նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը, պետի տեղակալներ, արդարադատության գնդապետներ Վարդգես Ծաղիկյանը և Ռոբերտ Մինասյանը:
Մինչ շնորհանդեսի մեկնարկը Ռուբեն վարդապետ Զարգարյանի ձեռամբ, օժանդակությամբ Տ. Ստեփանոս Իգնաթևոսյանի և Տ. Զենոն Բարսեղյանի կատարվեց ժամերգություն: Օրվա ընտրությունը խորհրդանշական էր. ուրբաթը պահքի և ապաշխարության օր է Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցում:
Ժամերգությունից հետո Ռուբեն վարդապետ Զարգարյանը ներկայացրեց Աղոթագիրքը և դրա հրատարակման առանցքային նպատակը. սատարել անազատության մեջ գտնվող անձանց, վերադարձնել նրանց հավատն առ կյանք և հատկապես առ Աստված. «Աղոթքը մեր հոգու շնչառությունն է, եթե աղոթք չլինի, մեր հոգին չի շնչի»,- ամփոփեց իր խոսքը հոգևոր հայրը՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին և ծառայության պետին:
Ողջունելով նախաձեռնությունը և արժևորելով գրքի կարևորությունը՝ ծառայության պետ Ա. Գոյունյանն իր հերթին վստահեցրեց, որ այն զորավիգ կլինի անազատության մեջ գտնվողներին և կզորացնի նրանց հոգևոր զարգացումը:
Միջոցառման ավարտին ծառայության պետն անձամբ բաժանեց Աղոթագիրքը ներկա դատապարտյալներին: