ՀԵՐՔՈՒՄ
փետրվարի 26, 2026
Անդրադառնալով Factor.am կայքում փետրվարի 24-ին զետեղված ««Իմ կյանքը լուրջ վտանգի տակ է «Վանաձոր»-ի բերդում»․ կալանավորն ահազանգում է՝ սպառնալիքներ է ստանում» հրապարակմանը՝ հարկ ենք համարում ներկայացնել հետևյալը․
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» և/կամ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկների ճաշարաններում Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի ազգականի կողմից պաշտոն զբաղեցնելու և իր նկատմամբ վրեժխնդիր լինելու վերաբերյալ կալանավորված անձ Խ․ Զոհրաբյանի պնդումները որևէ աղերս չունեն իրականության հետ և զուրկ են փաստական հիմքից։
Տեղեկացնում ենք նաև, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում՝ դեռևս 2025 թվականի հունիսի 3-ին, Խ․ Զոհրաբյանը Քրեակատարողական ծառայության ներկայացուցչին հայտնել է նույնաբովանդակ տեղեկություններ, ինչ Factor.am-ի լրագրողին («Արմավիր» քրեակատարողական հիմնարկի փոխարեն նշելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը)։ Քանի որ ներկայացված տեղեկությունները պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշներ, Ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից նախապատրաստված նյութերը և դեպքի վերաբերյալ հաղորդումն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե և ՀՀ դատախազություն։
Հավելյալ տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հունիսի 6-ին Խ․ Զոհրաբյանը, իր դիմումի համաձայն, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Վանաձոր» ՔԿՀ՝ նշելով, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իր կյանքին լուրջ վտանգ է սպառնում։
Հարկ է նշել, որ «Վանաձոր» ՔԿՀ-ում նրա անվտանգությունն ապահովված է, և սահմանված է հատուկ հսկողություն։
Ինչ վերաբերում է Քրեակատարողական ծառայության կողմից Factor.am-ի գրավոր հարցմանը չպատասխանելու վերաբերյալ պնդմանը, հայտնում ենք, որ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը՝ լրատվամիջոցը սահմանված կարգով տեղեկացվել է, որ հայցվող տեղեկությունները կտրամադրվեն 30-օրյա ժամկետում։