Կրթական

ՀՀ ԱՆ «Աբովյան», «Վանաձոր», «Գորիս» քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց համար կազմակերպվել են տարբեր թեմաներով դասընթաց-քննարկումներ

հոկտեմբերի 29, 2024

ՀՀ ԱՆ «Աբովյան», «Վանաձոր», «Գորիս» քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցիչների կողմից հիմնարկներում կազմակերպվել են տարաբնույթ դասընթաց-քննարկումներ։

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ուսուցչուհի Գոհար Պողոսյանն անցկացրել է «Հոգեբանություն» առարկայից «Մասնագիտական կողմնորոշման կարևորությունն անձի կյանքում» թեմայով դասընթաց։ Ազատազրկված կանանց ներկայացվել է ճիշտ մասնագիտություն ընտրելու կարևորությունը՝ աշխատաշուկայում ավելի մրցունակ և պահանջված լինելու համար: Լրացվել են նաև մասնագիտական կողմնորոշման թեստեր:

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում նույնպես անցկացվել է դաս «Հոգեբանություն» առարկայից՝ «Ինչ է դեպրեսիան, ինչպես այն հաղթահարել» թեմայով։ Ուսուցչուհի Նունե Ոսկանյանը համառոտ ներկայացրել է հոգեկան առողջության կարևորությունը, որից հետո ազատազրկված անձանց ներկայացվել է դեպրեսիայի մասին պատմող սահիկաշար։ Այնուհետև ծավալվել է ինտերակտիվ քննարկում դեպրեսիայի տեսակների, բուժման ուղիների վերաբերյալ: Ավարտին ազատազրկված անձինք լրացրել են ախտորոշիչ թեստ՝ տագնապայնությունը որոշելու համար, որը վերլուծվել է մասնագետի հետ։ Դասընթացին ներկա են եղել նաև «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության փոխգնդապետ Արկադի Թադևոսյանը և վարչակազմի այլ ներկայացուցիչներ։ 

Իսկ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց համար կազմակերպվել է վերասոցիալականացմանն ուղղված դասընթաց-քննարկում՝ «Աշխատանքի նշանակությունը հասարակությունում, աշխատողի իրավունքները և պարտականությունները» թեմայով, որի ընթացքում խոսվել է աշխատանքի զարգացման փուլերի, կարևորության մասին, աշխատողների իրավունքների և պարտականությունների, աշխատանքային պայմանագրի մասին։