Հոգեբանական սեմինար և երաժշտաթերապիա՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում
մարտի 06, 2026
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի գլխավոր հոգեբան Նաիրա Հարոյանի նախաձեռնությամբ ազատազրկված անձանց շրջանում անցկացվել են հոգեբանական միջոցառումներ՝ «Սթրես» թեմայով սեմինար և երաժշտաթերապիա։
Սեմինարը նպատակ է ունեցել բարձրացնելու մասնակիցների իրազեկվածությունը սթրեսի վերաբերյալ, նպաստելու դրա պատճառների և հետևանքների գիտակցմանը, ինչպես նաև արդյունավետ հաղթահարման մեթոդների յուրացմանը։ Մասնակիցներին ներկայացվել է սթրեսի ազդեցությունը մարդու վարքի, աշխատանքային արդյունավետության և միջանձնային հարաբերությունների վրա։
Հոգեբանը ներկայացրել է սթրեսի էությունը, տեսակները և առաջացման հիմնական պատճառները, ինչպես նաև ծանոթացրել սթրեսի ֆիզիոլոգիական և հոգեբանական դրսևորումներին։
Սեմինարի ընթացքում կիրառվել են նաև սթրեսի կառավարման գործնական մեթոդներ՝ շնչառական վարժություններ, թուլացման տեխնիկաներ, ժամանակի կառավարման հմտություններ և հուզական լարվածության նվազեցման այլ միջոցներ։ Մասնակիցներին ներկայացվել են նաև առողջ ապրելակերպի և դրական մտածելակերպի ձևավորման կարևոր մեխանիզմները։
Իսկ երաժշտաթերապիայի նպատակն էր նպաստել ազատազրկված անձանց զգացմունքային հավասարակշռության ապահովմանը, հոգեբանական աջակցության տրամադրմանը և կոգնիտիվ զարգացման խթանմանը, ինչպես նաև ֆիզիկական առողջության բարելավմանը և սոցիալական հմտությունների զարգացմանը։