Պաշտոնական

Հռոմում կայացել է Europris-ի համաժողովը՝ «Կազմակերպված հանցավորությունը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով

նոյեմբերի 12, 2025

Քրեակատարողական ծառայության շտաբի պետի տեղակալ, արդարադատության մայոր Ռաֆայել Հարությունյանն Իտալիայի Հանրապետության մայրաքաղաք Հռոմում մասնակցել է «Կազմակերպված հանցավորությունը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով համաժողովին, որը կազմակերպվել էր Բանտային և ուղղիչ ծառայությունների եվրոպական կազմակերպության (Europris) կողմից:

Համաժողովին քննարկվել են քրեակատարողական հիմնարկներում գործող տարբեր հանցավոր խմբավորումների դեմ պայքարի օրենսդրական փոփոխությունները, իրավապահ մարմինների միջև հետախուզական տվյալների օպերատիվ փոխանակման կարևորությունը, տարբեր խմբավորումների կողմից քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց վրա հնարավոր քրեական ազդեցությունը, արգելված իրերի ներթափանցման, փախուստի փորձերի և այլ անօրինական գործողությունների կանխման նպատակով նորարարական թվային գործիքների կիրառումը:

Ռաֆայել Հարությունյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Հայաստանի քրեակատարողական ծառայության փորձը՝ ընդգծելով վերջին տարիներին քրեական ենթամշակույթի դեմ պայքարի առանձնահատկությունները, քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, ոլորտային բարեփոխումները, առաջացող մարտահրավերներն ու դրանց լուծման ուղիները:

Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև այց Հռոմի ամենամեծ «Ռաֆֆայելլե Ցիննոտի» քրեակատարողական հիմնարկ, որտեղ մասնակիցները տեղում ծանոթացել են պահման պայմաններին, վերասոցիալականացման առանձնահատկություններին, մարզական ու մշակութային զբաղվածության ապահովման, ինչպես նաև կրոնական ծեսերի համար նախատեսված հնարավորություններին: Ներկաները դիտարկել են տեսակցությունների բացօթյա տարածքները, միջին և բարձր անվտանգային գոտիներում պահվող անձանց հետ տարվող աշխատանքները:

Շրջայցի ընթացքում նաև այցելություն է իրականացվել սուրճի մեքենաների արտադրության և վերանորոգման արտադրամաս, մանկահասակ երեխաների համար բժշկական հաստատություններում հերթագրման աշխատանքների իրականացման զանգերի կենտրոն, ինչպես նաև արագ սննդի պատրաստման կետ, որտեղ ազատազրկված անձինք ներգրավված են համապատասխան վճարովի աշխատանքներում: