Մշակութային

Մայիսի 28-ին նվիրված միջոցառումներ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում

մայիսի 29, 2023

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր մշակութային-ուսուցողական միջոցառում՝ նվիրված 1918թ.-ի մայիսյան հերոսամարտերին և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակմանը։ 

Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցիչների նախաձեռնությամբ։ 

«Մայիսյան հերոսամարտ» խորագիրը կրող միջոցառման նպատակն էր ներկայացնել իրադարձությունների պատմական նշանակությունը: Պատմության ուսուցիչ Արմեն Սարգսյանը տեսանյութերի միջոցով ներկայացրել է Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերը, այնուհետ դատապարտյալներին առաջակել է քննարկել և զուգահեռներ անցկացնել մերօրյա Հայաստանում ստեղծված իրողությունների հետ: Թեմայի շուրջ  տեղի է ունեցել ակտիվ քննարկում: Քննարկմանը հաջորդել է դատապարտյալների աշխատանքների ցուցահանդեսը: «Խեցեգործություն» առարկայի շրջանակներում ցուցադրվել են նկարներ և կավե իրեր: Միջոցառմանը մասնակցել են Կենտրոնի վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի հանրակրթության մասնագետներ Հասմիկ Իգիթյանը և Արփինե Քոչարյանը: Միջոցառման ավարտին Ար․ Քոչարյանը հանդես է եկել ամփոփիչ խոսքով՝ մեկ անգամ ևս շեշտադրելով Առաջին Հանրապետության կարևորությունը հայոց պատմության մեջ:

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում տոնի կապակցությամբ իրականացվել է կինոդիտում․ ներկայացվել է 1938 թվականին ռեժիսոր Համո Բեկնազարյանի նկարահանած «Զանգեզուր» ֆիլմը։

«Մայիսյան հերոսամարտերը և Առաջին Հանրապետության հռչակումը» թեմայով փաստավավերագրական ֆիլմաշարերի ցուցադրում է կազմակերպվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, ներկա են գտնվել շուրջ 15 դատապարտյալ։ Ցուցադրումից հետո ծավալվել է քննարկում թեմայի շուրջ։

Ազատազրկված անձանց համար մայիսյան հերոսամարտերին նվիրված միջոցառում է կազմակերպվել նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Տեսասահիկի միջոցով դատապարտյալներին ներկայացվել են Առաջին Հանրապետության կազմավորման գործընթացը, ժամանակաշրջանի քաղաքական հայացքները, մշակույթը, պատմությունը և առանձնահատկությունները։