Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառումներ՝ «Արթիկ», «Աբովյան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում
ապրիլի 08, 2025
ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված կանանց մասնակցությամբ նշվել է Մայրության և գեղեցկության տոնը։ Կանայք հանդես են եկել մայրերին նվիրված ասմունքով ու երգով, ինչպես նաև օրվա խորհրդով բեմականացրել են Սողոմոն Իմաստունի աստվածաշնչյան առակը երկու մայրերի մասին։
Յուրօրինակ ցերեկույթի ավարտին ազատազրկված կանանց շնորհավորել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Հեղինե Մարտիրոսյանը՝ մաղթելով նրանց շուտափույթ ազատում, կյանքը վերսկսելու, վերաիմաստավորելու, նորովի բացահայտելու հնարավորություններ։
Տոնին համահունչ բարեմաղթանքներով և տերունական աղոթքով միջոցառումն ամբողջացրել է հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանը։
Տոնի խորհրդով և հաճելի անակնկալով լի է եղել օրը նաև «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում․ դատապարտյալ Արթուր Կարապետյանը Մայրության և գեղեցկության տոնի՝ Ապրիլի 7-ի կապակցությամբ պատրաստել էր թղթե ծաղիկներ և նվիրել հիմնարկի կին աշխատակիցներին և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցչուհիներին։
Ապրիլի 7-ի կապակցությամբ «Սևան» քրեակատարողական հիմնարկում նույնպես կազմակերպվել էր մշակութային միջոցառում, որի ընթացքում ներկայացվել են աշխարհում հայտնի 10 կանանց կյանքն ու գործունեությունը։ Այնուհետև ցուցադրվել է «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը, որը պատմում է աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ծանրորդ Նազիկ Ավդալյանի կյանքի, մարզական հաջողությունների և դժվարությունների հաղթահարման մասին։