«Մասնագիտացված հմտությունների և գիտելիքների վերապատրաստում քրեակատարողական հիմնարկներում աշխատող հոգեբանների և հոգեբույժների համար» թեմայով չորսօրյա վերապատրաստում
սեպտեմբերի 05, 2023
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների հոգեբանները՝ ՔԿԾ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանի գլխավորությամբ, մասնակցել են Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակում կազմակերպված «Մասնագիտացված հմտությունների և գիտելիքների վերապատրաստում քրեակատարողական հիմնարկներում աշխատող հոգեբանների և հոգեբույժների համար» թեմայով վերապատրաստման դասընթացին:
Քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց հետ աշխատող հոգեբանների ու հոգեբույժների մասնագիտական հմտությունների ու գիտելիքների վերապատրաստման դասընթացը վարել են Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ Օլիվերա Վուլիչը և Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետ Դավիթ Գևորգյանը:
Վերապատրաստման նպատակն է մեթոդաբանական և բովանդակային աջակցություն տրամադրել կալանավորված անձանց և դատապարտյալների հոգեկան առողջության պահպանման համար պատասխանատու անձնակազմին:
Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են ազատազրկված անձանց շրջանում հոգեկան առողջության հետ կապված հոգեբուժական և հոգեբանական տարբեր խնդիրների առանձնահատկությունները, դրանց հաղթահարմանը և բուժմանն ուղղված միջամտության ձևերը, ինչպես նաև քննարկվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում 2022թ. օգոստոսից գործարկվող հոգեկան առողջության զննության և ռիսկի գնահատման գործիքակազմը: