Մարզական միջոցառումն ավարտվեց. հաղթողները պարգևատրվեցին
մայիսի 22, 2015
Մայիսի 22-ին ավարտվեց Հայաստանի Հանրապետության Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Քրեակատարողական ծառայության հետ համատեղ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների մասնակցությամբ անցկացված զանգվածային մարզական միջոցառումը 6 մարզաձևից:
Վազք 30 մետր և հեռացատկ մարզաձևերում 1-ին տեղը գրավեց Անի Թադևոսյանը, բազկամարտում՝ Քրիստինե Ներսիսյանը, շաշկու առաջնությունում հավասարը չունեցավ Անուշ Մարտիրոսյանը, իսկ սեղանի թենիսի մրցաշարում հաղթող ճանաչվեց Կարինե Ղարիբյանը:
Հատկանշական է, որ գրեթե բոլոր մարզաձևերում Անի Թադևոսյանը ցույց տվեց բավականին լուրջ արդյունքներ:
Անցկացվեց նաև վոլեյբոլի մրցաշար կին դատապարտյալների և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ծառայողների միջև, որում հաղթողի դափնին նվաճեցին հիմնարկի աշխատակիցները:
Հաղթողները ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Քրեակատարողական ծառայության ղեկավարության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով և հուշանվերներով:
ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից մարզական խաղերի կազմակերպման աշխատանքներին աջակցելու համար «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը պարգևատրվեց շնորհակալագրով: