Մարզական

Մարզական միջոցառումներ՝ «Նուբարաշեն» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում

հունվարի 19, 2026

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտված Թաթուլ Միրզոյանը գրանցել է իր հերթական մարզական ռեկորդը՝ երկու ձեռքով միաժամանակ 16 կիլոգրամանոց կշռաքարերը հրելով 110 անգամ։

Ռեկորդի գրանցմանը ներկա են եղել «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիայի նախագահ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Վարդան Թովմասյանը և ՀՀ Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ, սպորտի վաստակավոր մարզիչ Գագիկ Սարոյանը։

Թաթուլ Միրզոյանի ձեռքբերումը գրանցվելու է «Դյուցազնագրքում», իսկ Վարդան Թովմասյանը նրան հանձնել է նախկին ռեկորդը հավաստող դյուցազնագիրը։ Բացի այդ՝ Թաթուլ Միրզոյանին տրվել է հավաստագիր, որով նա իրավասու է որպես մարզիչ ուսուցանել կցագնդերի, կշռաքարերի և ծանրաձողի բարձրացման տարբեր վարժություններ։  

«Սևան» քրեակատարողական հիմնարկում նույնպես անցկացվել է մարզական միջոցառում, որի շրջանակում ազատազրկված անձինք մասնակցել են շախմատի ներհիմնարկային մրցաշարի՝ միմյանց հետ մրցելով տրամաբանական մտածողության և ինքնակենտրոնացման հմտությունների կիրառմամբ և նպաստելով ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպմանն ու անձնային զարգացմանը։