Մարզական

Մարզական միջոցառումներ քրեակատարողական հինարկներում

փետրվարի 13, 2020

Փետրվարի 12-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների նախաձեռնությամբ ստեղծված «Մարզական ինքնագործ միավորումը» հիմնարկի վարչակազմի և սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի օժանդակությամբ անցկացրեց մարզական հերթական միջոցառումը՝ ծանրաձողի հրում պառկած դիրքից մրցաձևում։ Մրցակցությունը լարված էր և ուշագրավ, քանի որ միջոցառմանը մասնակցած 11 դատապարտյալներն էլ աչքի էին ընկնում իրենց մարզական պատրաստվածությամբ։ 

Մրցապայքարում լավագույն ցուցանիշներ արձանագրած ազատազրկված անձինք զբաղեցրին պատվավոր երեք հորիզոնականները․ դատապարտյալ Հ․ Ն․-ն պառկած դիրքից բարձրացրեց 160 կիլոգրամանոց ծանրաձողը՝ գրավելով առաջին տեղը, դատապարտյալներ Գ․ Մ․-ն՝ 135կգ, Ա․ Խ․-ն՝ 110կգ արդյունքներով համապատասխանաբար՝ երկրորդ և երրորդ տեղերը։ Վերջիններս քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գևորգ Հովհաննիսյանի կողմից արժանացան խրախուսանքների։

Նշենք, որ «Սևան» քրեակատարողական հիմնարկում սպորտային միջոցառումները կրելու են շարունակական բնույթ, և առաջիկայում անցկացվելու են մի շարք միջոցառումներ հետևյալ մարզաձևերից՝ թենիս, վոլեյբոլ, բասկետբոլ և բազկամարտ։

Ազատազրկված անձանց զբաղվածությունն առողջ կենսակերպով լրացնելու նպատակով մարզական միջոցառումներ են մեկնարկել նաև «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։ Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումներին մասնակցելու ցանկություն է հայտնել  27 դատապարտյալ, որոնք  մեծ ոգևորությամբ են պատրաստվում մրցումներին: