Մեկնարկել է միջոցառումների շարք՝ նվիրված քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակին և Քրեակատարողական ծառայողի օրվան
սեպտեմբերի 20, 2024
Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակին և Քրեակատարողական ծառայողի օրվան՝ հոկտեմբերի 19-ին ընդառաջ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը նախաձեռնել է միջոցառումների շարք։
Այս կապակցությամբ Քրեակատարողական ծառայության և Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի միջև համագործակցության շրջանակներում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է կրթամշակութային ծրագիր՝ նվիրված կոմպոզիտոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանին։ Հիմնարկ էին այցելել թանգարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Մարինե Օթարյանը և թանգարանի ավագ գիտաշխատող Ինեսսա Խաչատրյանը։
Հյուրերը բանախոսությունների, տեսահոլովակների, սահիկաշարերի միջոցով ազատազրկված անձանց ներկայացրել են Ա․ Սպենդիարյանի տուն-թանգարանի՝ որպես Հայաստանում առաջին երաժշտական հուշային թանգարանի ստեղծման պատմությունը, կոմպոզիտորի կյանքն ու ստեղծագործական ժառանգությունը։ Ազատազրկված անձինք դիտել են «Հայ էր․․․» տեսահոլովակը Հակոբ Խանջյանի հուշերից։ Հիմնարկ էր բերվել Սպենդիարյանի մտահղացմամբ «Երեք արմավենի» ստեղծագործության համար պատրաստված երաժշտական գործիքի՝ «Սպենդիարոֆոնի» կրկնօրինակը։ Ազատազրկված անձինք ծանոթացել են նաև գործիքի բնօրինակի ստեղծման պատմությանը։
Միջոցառումը մեծ հետաքրքրություն է առաջացրել ազատազրկված անձանց շրջանում, հյուրերը պատասխանել են մասնակիցներին հետաքրքրող հարցերին, իսկ միջոցառման ավարտին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի գրադարանին նվիրել են գրքեր։