Միջոցառումներ քրեակատարողական հիմնարկներում՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին
ապրիլի 25, 2024
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում Եղեռնի օրվա կապակցությամբ տեղի է ունեցել «Ով զուլումն այս մոռանա, ջուխտ աչքերով քոռանա» խորագիրը կրող բաց դաս, որին մասնակցել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող հանրակրթական և ոչ ֆորմալ կրթական ծրագրերին մասնակցող դատապարտյալները:
Միջոցառումը կազմակերպվել է ՊՈԱԿ-ի կողմից, ինչպես նաև սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի ու «Սևան» ՔԿՀ-ում գործող ինքնագործ մշակութային միավորման անդամ դատապարտյալների մասնակցությամբ:
Օրվա թեմային նվիրված «Հայոց լեզու և գրականություն» առարկայի շրջանակում ուսուցչուհի Սուսաննա Դանելյանի նախաձեռնությամբ հնչել են չափածո գրական ստեղծագործություններ: Պոեզիայի միջոցով մասնակիցները հարգել և հիշատակել են 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված ցեղասպանության ավելի քան մեկ և կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Միջոցառմանը ներկայացվել է ժամանակաշրջանի հայ ժողովրդի ողբերգական պատմությունը՝ առաջ քաշելով այն գաղափարը, որ աշխարհի անտարբերությունը կատարված իրադարձությունների հանդեպ առիթ է տալիս դասեր քաղել պատմությունից:
Միջոցառումն ամփոփվել է հայ ժողովրդի հարատևման տեսլականով, այն ավարտվել է «Արտույտների ագարակը» ֆիլմի դիտմամբ:
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կալանավորված անձանց և դատապարտյալների համար հիմնարկի ՍՀԻԱ բաժնի աշխատակիցներն իրականացրել են Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմի ցուցադրությունը։
Հայոց Մեծ Եղեռնի 109-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել նաև «Արթիկ» ՔԿՀ-ում։ Միջոցառման շրջանակներում ցուցադրվել է Ցեղասպանության մասին պատմող փաստագրական ֆիլմ։
«Վարդաշեն» ՔԿՀ-ի հոգևոր հովիվ Տեր Առնակ քահանա Հարությունյանի ձեռամբ կատարվել է արարողություն՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի, հնչել է ոգեկոչման աղոթք։ Ներկա են եղել հիմնարկի վարչակազմը և դատապարտյալները։
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ևս իրականացվել է օրվան նվիրված միջոցառում, որի ավարտին մի խումբ դատապարտյալներ և հիմնարկի վարչակազմը ծաղիկներ են խոնարհել հիմնարկի բակում տեղադրված հուշաքարին: