Մշակութային և սպորտային միջոցառումներ ազատազրկված անձանց մասնակցությամբ
մայիսի 11, 2021
Մայիսյան տոների նախօրեին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ, հիմնարկի վարչակազմի օժանդակությամբ կազմակերպվել և անցկացվել էր հերթական մարզական միջոցառումը՝ ներհիմնարկային ֆուտբոլի առաջնություն։ Խաղացել են կիսաբաց և կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալները։ Միջոցառման կապակցությամբ «Արթիկ» ՔԿՀ էր այցելել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Արմեն Երիցյանը, որը հիմնարկին նվիրել է գնդակներ և վարել խաղը։ Խաղն ավարտվել է 2-3 հաշվով՝ հօգուտ կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների։
Ֆուտբոլային խաղերը կրելու են շարունական բնույթ՝ ի նպաստ ազատազրկված անձանց ազատ ժամանակի արդյունավետ օգտագործմանը, ֆիզիկական ակտիվությանը և վերասոցիալականացմանը։
Մայիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմի 76-րդ տարեդարձին, Արթիկի համայնքապետարանն անցկացրել էր պաշտոնական արարողակարգ, որին մասնակցել է նաև ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի անձնակազմը։
Հաղթանակի տարեդարձին նվիրված միջոցառում էր կազմակերպվել նաև ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում ՍՀԻԱԲ-ի նախաձեռնությամբ, ինչպես նաև հիմնարկում գործող «Ինքնագործ մշակութային միավորում» խմբի անդամ կին դատապարտյալների մասնակցությամբ։