Յոթ քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել են բազկամարտի ներհիմնարկային առաջնություններ
սեպտեմբերի 04, 2024
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում «Արթիկ», «Արմավիր», «Գորիս», «Նուբարաշեն», «Սևան», «Վանաձոր» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների կողմից կազմակերպվել են բազկամարտի ներհիմնարկային առաջնություններ։
Ազատազրկված անձանց համառ պայքարին հետևել են հիմնարկների վարչակազմերը։ Իսկ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում առաջնությունն անցկացվել է նաև Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ։ Ներկա են եղել Լոռու մարզի թենիսի ֆեդերացիայի նախագահ Էրիկ Կոստանյանը և բազկամարտի մարզիչներ Արամ Զուրաբյանն ու Վահան Մեհրաբյանը։ Մրցանակային տեղեր զբաղեցրած դատապարտյալներին Էրիկ Կոստանյանի կողմից հանձնվել են պատվոգրեր։
Ներհիմնարկային առաջնությունների արդյունքում առաջին երեք տեղերը զբաղեցրած ազատազրկված անձանց միջև Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի աջակցությամբ անցակցվելու է բազկամարտի միջհիմնարկային առաջնություն։