«Նուբար» ավանդական երգի, պարի համույթը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում
հուլիսի 16, 2021
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանձնարարությամբ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Նուբար» ավանդական երգի, պարի համույթը հուլիսի 15-ին ազգագրական երգ ու պարով հանդես է եկել հիմնարկի ազատազրկված անձանց համար։
Միջոցառումն անցել է հայրենասիրական մթնոլորտում, դատապարտյալ անձինք ոգևորվածությամբ և խանդավառությամբ են ընդունել համույթի տաղանդաշատ անդամների ելույթները։ Միջոցառման ավարտին նրանք իրենց երախտիքի խոսքերն են հայտնել հիմնարկի վարչակազմին, միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին՝ անազատության մեջ հայտնված իրենց մեկ օրն այդքան հագեցած դարձնելու համար։
Նմանատիպ միջոցառումների իրականացման հիմնական նպատակն է նպաստել քրեակատարողական հիմնարկներում հայտնված մարդկանց վերասոցիալականացման և հասարակություն վերադառնալու գործընթացին, ինչպես նաև ստեղծել ևս մեկ հնարավորություն՝ նրանց լավատեսորեն տրամադրելու ապագայի հանդեպ և վերաարժևորելու սեփական անձը։