Պաշտոնական

Պարզաբանում՝ 168.am կայքի՝ ակնհայտ խեղաթյուրված և իրականությանը չհամապատասխանող նյութի վերաբերյալ

հունիսի 20, 2023

2023թ. հունիսի 19-ին 168.am կայքը «ՔԿԾ պետի տեղակալ, թե «քիլլերների» խմբի ղեկավար. ինչ է կատարվել «Գորիս» ՔԿՀ-ում» վերտառությամբ ակնհայտ խեղաթյուրված և իրականությանը չհամապատասխանող նյութ է հրապարակել այն մասին, որ 2023թ. հունիսի 13-ին անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխված, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գ.Խ-ն  ծեծի է ենթարկվել ոչ թե ազատազրկված  անձանց, այլ Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Արտակ Առուստամյանի գլխավորությամբ նույն ՔԿՀ այցելած երեք տասնյակի հասնող ՔԿԾ ծառայողների կողմից՝ ողջամիտ  կասկած հայտնելով, որ այդ ամենը կատարվել է ՔԿԾ պետ Սերգեյ Ատոմյանի ցուցումով:

Նախ պաշտոնապես հայտարարում ենք, որ ինչպես ՔԿԾ պետի տեղակալ Արտակ Առուստամյանը, այնպես էլ որևէ այլ ՔԿԾ ծառայող 2023թ. հունիսի 13-ին ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ չեն այցելել:

Ավելին՝ ՀՀ ԱՆ ՔԿԾ օպերատիվ ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ կալանավորված անձ Գ.Խ-ին մարմնական վնասվածքներ պատճառել է նրա խցակից մեկ այլ ազատազրկված անձ,  ինչի մասին տեղեկություններն իրացնելով՝ կատարվել են բացատրական աշխատանքներ, որոնց արդյունքում հիշյալ անձը դիմում-մեղայական է ներկայացրել  նույն  քրեակատարողական հիմնարկի պետին Գ.Խ-ին ծեծի ենթարկելու վերաբերյալ:

Հիշյալ դիմում-մեղայականն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հաշվի առնելով, որ 168.am կայքում հրապարակված հիշյալ վերտառությամբ հոդվածն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, պահանջում ենք «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի կարգով տարածել հերքում: