Պարզաբանում
ապրիլի 27, 2017
Ապրիլի 26-ին www.1in.am կայքում զետեղված « Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատուի թեթև պատժի թուղթը` ՔԿՀ-ից» վերտառության հրապարակման մեջ հեղինակը մասնավորապես նշում է «Դատարանը պահանջեց պատճեների փոխարեն ներկայացնել հիվանդությունների առկայությունը հավաստող փաստաթղթերի բնօրինակները: Չկար: Պարզվեց, որ դրանցից ամենաթարմը «Նուբարաշեն» ՔԿՀ այցելած և այնտեղ ամբաստանյալին զննած, քննած մասնագետների կատարած գրություններն են՝ հաստատված ՔԿՀ-ի պետի ստորագրությամբ, ամբաստանյալի առողջական վիճակը հսկողներն էլ տեղի մասնագետ կոչվողներն են և ավելացնում ««Նուբարաշեն» ՔԿՀ-ի գրությունը լավագույն դեպքում արժանահավատ չէ, վատագույն դեպքում՝ ամբաստանյալին անազատության մեջ ավելի երկար պահելու ևս մեկ հիմք է` չմոռանալով շեշտել, որ «շատ դեպքերում, երբ համակարգի կամակատարները նշում են անազատության մեջ գտնվողի լավ վիճակի մասին, մարդը հանկարծ մահանում է կամ վիճակը վաթարանում, իսկ երբ ասում են` շատ վատ է, լրիվ հակառակ պատկերն է պարզվում, ինչպես այս դեպքում»»:
Ամենևին չկասկածելով հոդվածագրի իրավական գրագիտությանը` փաստենք միայն, որ ըստ էության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի ստորագրությունը չի կարող հերքել կամ հաստատել ազատազրկված անձի մոտ այս կամ այն հիվանդության առկայությունը կամ դրա բացակայությունը: Երկու դեպքում էլ դրա իրավասությունն ունեն միայն բժիշկ-մասնագետները: ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Ս. Հարությունյանի ստորագրությամբ ընդամենը կից գրությամբ դատարանին տեղեկանք է ներկայացվել առ այն, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորված անձ Նարեկ Էդիկի Խաչատրյանը 24.03.2017թ.-ին դիմել է խնդրանքով թույլ տալ` խորհրդատվության նպատակով իրեն այցելի «Մեփլ Լիֆս» Հայ-Կանադական բժշկական կլինիկայի բժիշկ-հոգեբույժ Արմեն Ռուդոլֆի Հակոբյանը:
27.03.2017թ.-ին հոգեբույժի կողմից կատարվել է խորհրդատվություն:
03.04.2017թ. գրությամբ փաստաբան Վ. Էլբակյանը խնդրել է իրեն տրամադրել հրավիրված հոգեբույժի խորհրդատվության գրառման պատճենը:
11.04.2017թ. գրությամբ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կողմից տրամադրվել է հոգեբույժ Ա. Ռ. Հակոբյանի խորհրդատվության գրառման պատճենը:
Եվս մեկ անգամ փաստենք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը դատապարտյալի կամ կալանավորված անձի կողմից օրենքով սահմանված կարգով հրավիրված բժշկի ախտորոշումների համար պատասխանատվություն չի կրում, իսկ նշված դեպքում գործել է բացառապես օրենքի սահմաններում` դատարանին տրամադրելով պահանջված գրությունը: