Ռուստամ Բադասյանը շրջայց է կատարել «Աբովյան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում
հուլիսի 21, 2020
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի ուղեկցությամբ այսօր շրջայց է կատարել «Աբովյան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում՝ նպատակ ունենալով ծանոթանալու կալանավորված անձանց և դատապարտյալների պահման պայմաններին, ՔԿՀ-ներում ներդրված սննդի մատակարարման նոր համակարգի շրջանակներում մատուցվող սննդի որակին, առողջության պահպանման իրավունքի պատշաճ ապահովման հնարավորություններին և այլ հարցերին:
Շրջայցի ընթացքում նախարարը զրուցել է ՔԿՀ-ներում պահվող անձանց հետ, հետաքրքրվել նրանց հուզող հարցերով, սննդի որակի վերաբերյալ կարծիքներով, եղել խցերում, խոհանոցում, կացարաններում, մարզասրահում, գրադարանում, բուժմասում՝ տեղում ծանոթանալով քրեակատարողական հիմնարկներում առկա հնարավորություններին և կարիքներին:
Դատապարտված և կալանավորված անձինք գոհունակություն են հայտնել սննդի որակից, պահման պայմաններից, իսկ հիմնական դժգոհությունները վերաբերել են քրեական գործերին, պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու համար նշանակված դատական նիստերի ձգձգմանը:
Հանձնուքների ընդունման սենյակում նախարար Բադասյանի առաջարկով փորձարկվել է ցանկացած չափ ու խտություն ֆիքսող անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքը. արգելված իրը դրվել է պայմանական թաքստոցի մեջ և անցկացվել սարքով, որն անմիջապես ճանաչել և տեղորոշել է արգելված իրը:
Հիշեցնենք, որ 2020 թվականին բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում տեղադրվեցին անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքեր, ինչպես նաև անցումային և ձեռքի շարժական դետեկտորներ (մետաղորսիչ սարքեր): Ժամանակակից սարքերով տեխնիկական վերազինումը հնարավորություն է տվել էականորեն նվազեցնել քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, այդ թվում՝ թմրամիջոցների ներթափանցման դեպքերը, բացի այդ՝ ստուգման գործընթացներում նորարարական սարքերը մարդկային միջամտությունը հասցրել են նվազագույնի՝ դրանով իսկ նպաստելով կոռուպցիոն ռիսկերի բացառմանը:
Շրջայցի ավարտին նախարար Բադասյանը «Աբովյան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկների պահման պայմանները բարելավելու և հակահամաճարակային կանոնները խստորեն պահպանելու վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ:
Տեղեկացնենք նաև, որ 2019 թվականի երկրորդ կիսամյակից առ այսօր «Աբովյան» ՔԿՀ-ում հիմնովին փոխարինվել է ջրահեռացման ցանցը, հիմնանորոգվել է մեկուսարանի 1-ին հարկի լոգասենյակը, անցկացվել է նոր ոռոգման համակարգ, հիմնովին վերանորոգվել և հարդարվել է պահպանության ապահովման բաժնի մասնաշենքը, մասնակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել մեկուսարանի 2-րդ հարկի լոգասենյակում, ընդհանուր 1233քմ մակերեսով իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ:
Նույն ժամանակահատվածում «Սևան» քրեակատարողական հիմնարկում իրականացվել են հիմնարկի արտաքին ջրահեռացման համակարգի շինարարական աշխատանքներ, տեղադրվել է նախատեսված 2 մաքրման կայաններից մեկը, մասնակի վերանորոգվել և ամրացվել են հիմնարկի շենք-շինությունների քամուց վնասված մոտ 300քմ թիթեղապատ տանիքածածկույթները: