Հոգևոր

Սբ. Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը՝ քրեակատարողական հիմնարկներում

օգոստոսի 19, 2025

Հայ Առաքելական եկեղեցին օգոստոսի 17-ին տոնեց Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Աստվածամոր տոնը քրեակատարողական հիմնարկներում նշանավորվել է սբ. պատարագներով և խաղողօրհնության կարգով:

Մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկների հոգևոր առաջնորդ, հոգեշնորհ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանի և Արարատյան Հայրապետական թեմի Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի ձեռամբ և քահանայությամբ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում նշվել է Խաղողօրհնեքի տոնը՝ ծիսական արարողության և տերունական աղոթքի ուղեկցությամբ: Տեր Զենոն քահանա Բարսեղյանն օրվա խորհդի առթիվ եղել է նաև «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:

Շնորհավորելով Տիրամոր վերափոխման տոնի առթիվ` Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանն իր պատգամը փոխանցել է ներկա հավատացյալներին և մաղթել, որ Սուրբ Մարիամ Աստվածածնի բարեխոսությամբ կատարվեն ամենքի իղձերն ու հաղթահարվեն կյանքի փորձությունները։

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանն ազատազրկված կանանց ներկայացրել է Տոնի խորհուրդը, անդրադարձել նաև խաղաղօրհնության խորհրդին, մեկնաբանել խաղողը՝ որպես մարդու նկարագիր, իսկ խաղողի կապը արմատներով հողին համեմատել է հավատացյալների կապվածության հետ հավատքին ու եկեղեցուն:

Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը նշվել է նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի ձեռամբ անցկացվել է ծիսական արարողություն և օրհնվել է խաղողը:

Քրեակատարողական հիմնարկների հոգևոր առաջնորդ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանի ձեռամբ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ևս նշվել է Խաղողօրհնեքի տոնը՝ ծիսական արարողության և տերունական աղոթքի ուղեկցությամբ:

Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը նշել են «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում, որի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանի ձեռամբ կատարվել է ծիսական արարողություն, և օրհնվել է խաղողը:

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը նշվել է նաև «Գորիս» քրեակատարողական հիմնարկում: Տեր Տիգրան քահանա Հակոբյանի ձեռամբ մատուցվել է պատարագ, այնուհետև տեղի է ունեցել խաղողօրհնեքի արարողություն:

Ավարտին օրհնված խաղողը բաժանվել է ազատազրկված անձանց: