Սերգեյ Փարաջանով մեծությունը նորովի է ներկայացել ազատազրկված անձանց․ Փարաջանովի թանգարանի տնօրենն ու աշխատակիցներն այցելել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
դեկտեմբերի 23, 2024
Դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը հյուրընկալել էր Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանին, աշխատակիցներ Զորեն Գալստյանին և Նեդա Դալալյանին։
Անահիտ Միքայելյանն ազատազրկված անձանց ներկայացրել է հայազգի կինոռեժիսոր, սցենարիստ, արվեստագետ Սերգեյ Փարաջանովի դրամատիկ կյանքն ու բազմաբովանդակ գործունեությունը, պատմել թանգարանի մասին, որի հիմնական հավաքածուն ներառում է 1759 ցուցանմուշ։
Ներկաները Փարաջանովի անցած ուղուն, ստեղծագործական և բանտային կյանքին ծանոթացել են նաև հյուրերի կողմից որպես նվեր բերված մեծ լուսանկարների միջոցով, որոնք փակցվել են հիմնարկի դահլիճում։ Լուսանկարներում պատկերված են թանգարանի որոշ հավաքածուներ, դրվագներ Փարաջանովի՝ բանտում եղած ժամանակահատվածից և այլ յուրահատուկ տեսարաններ։
Թանգարանի աշխատակիցները հիմնարկի գրադարանի համար ևս պատրաստել էին նվեր՝ «Սերգեյ Փարաջանով. նամակներ գաղութից» գիրքը, որտեղ բազմաթիվ լուսանկարների զուգորդմամբ զետեղված են Փարաջանովի նամակները, որոնք ռեժիսորը գրել է գաղութից իր սիրելի կնոջը, հարազատներին և ընկերներին:
Ազատազրկված անձինք մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Փարաջանովի անցած ուղու և նրա ուրույն կերպարի նկատմամբ։