Սիլվա Կապուտիկյանի անավարտ էջերը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում
սեպտեմբերի 12, 2025
Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանը սեպտեմբերի 11-ին այցելել է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Այցի ընթացքում նա ազատազրկված անձանց ներկայացրել է Սիլվա Կապուտիկյանի «Էջեր փակ գզրոցներից» գիրքը, որտեղ ներառված են մեծանուն բանաստեղծուհու չհրապարակված նամակները, հեռագրերը, հրապարակախոսական ելույթները, մտորումները և հուշերը։ Գիրքը ընթերցողին հնարավորություն է տալիս Կապուտիկյանին տեսնել ոչ միայն որպես բանաստեղծուհի, այլև որպես մտավորական գործիչ և իր երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացի։
Արմենուհի Դեմիրճյանը հանդիպման ընթացքում խոսել է նաև Կապուտիկյանի որդու՝ հայ քանդակագործ Արա Շիրազի մասին։ Ազատազրկված անձինք իրենց հերթին ներկայացրել են պատմություններ Սիլվա Կապուտիկյանի կյանքի ու գործունեության մասին։
Միջոցառման ավարտին Արմենուհի Դեմիրճյանը «Էջեր փակ գզրոցներից» գիրքը նվիրաբերել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի գրադարանին։