Կրթական

«Սպանված աղավնին» ստեղծագործության հակասական կերպարները՝ ըստ ազատազրկված կանանց

ապրիլի 06, 2021

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ ապրիլի 5-ին կազմակերպել և իրականացրել էր գրական-վերլուծական միջոցառում, որի թեման եղել է հայ մեծանուն գրող Նար-Դոսի հայտնի ստեղծագործություններից «Սպանված աղավնին»։ Միջոցառմանը մասնակցել են «Իրավախախտում կատարած անձանց 2021 թվականի գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրի մասնակից կին դատապարտյալները։

Քննարկվել են ստեղծագործության գլխավոր կերպարները, նրանց հոգեկերտվածքը, ստեղծված իրավիճակում իրականության ընկալումը և կատարվածի հանդեպ ոչ միանշանակ տրված գնահատականն ու վերաբերմունքը։ Ազատազրկված կանայք փորձել են յուրովի մեկնաբանել հերոսների վարքագիծն ու դրանից բխող հետագա քայլերը՝ շեշտադրելով հատկապես վերհանված խնդիրներին կառուցողական լուծում տալու և սիրո մեջ անձնային պատասխանատվության գաղափարը։