«Սևան» ՔԿՀ-ում տեղադրվել է հուշակոթող՝ նվիրված Արցախյան ազատամարտերում զոհված հայորդիներին
հունիսի 13, 2022
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գևորգ Հովհաննիսյանի և վարչական անձնակազմի նախաձեռնությամբ հիմնարկի վարչական շենքի առջև տեղադրվել է խաչքար՝ նվիրված Արցախյան բոլոր ազատամարտերում զոհված հայորդիներին։ Խաչքարը խորհրդանշում է նաև Արցախյան պայքարի ողջ պատմությունը, հայ ժողովրդի անդրդվելիությունն ու կյանքի դժվարություններին դիմակայող դիմացկունությունը։
Սույն թվականի հունիսի 10-ին տեղի ունեցավ հուշակոթողի օրհնությունն ու բացումը, որին ներկա են եղել ՀՀ ԱՆ ՔԿԾ պետ Սերգեյ Ատոմյանը, պետի առաջին տեղակալ Ամբակում Գրիգորյանը, տեղակալներ Վարդգես Ծաղիկյանը, Արտակ Առուստամյանը, ՔԿԾ կենտրոնական մարմնի վարչակազմի այլ ներկայացուցիչներ, «Սևան» ՔԿՀ-ի ողջ անձնակազմը, ինչպես նաև՝ ազատազրկված անձինք։
Խաչքարն օրհնվել է քրեակատարողական հիմնարկների հոգևոր առաջնորդ Հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանի ձեռամբ՝ «Սևան» ՔԿՀ-ի հոգևոր սպասավոր Տեր Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանի օժանդակությամբ։ Օրհնության արարողությունն ուղեկցվել է Տերունական աղոթքով, որին մասնակցել են ներկաները՝ աղոթակից դարձնելով բոլոր ժամանակների Արցախյան հերոսամարտերում նահատակված եղբայրներին և քույրերին։
Արարողության ավարտին ծաղիկներ են խոնարհել հուշակոթողին և՛ վարչակազմն ու ծառայողները, և՛ ներկա գտնվող դատապարտյալները՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց, ովքեր իրենց կյանքի զոհաբերմամբ կյանք են պարգևել սերունդներին և ապրողներին։