«Սևան» քրեակատարողական հիմնարկում շահագործման հանձնվեց կահույքագործական արտադրամաս
հունվարի 21, 2025
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ու Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն հանդիսավոր կերպով բացել են ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում վերանորոգված և ժամանակակից սարքավորումներով հագեցած կահույքագործության ուսումնական կենտրոն-արհեստանոց: Կահույքագործության արհեստանոցում անազատության մեջ գտնվողները կահույքագործ-վարպետի մասնագիտական դասընթացների շնորհիվ լիովին տիրապետելու են արհեստին, հնարավորություն են ունենալու տեղում համապատասխան կահույք սարքելու: Արհեստանոց-լսարանի գաղափարը մտահղացել և իրականացվել է Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի համագործակցության շրջանակում իրականացվող «Ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացման ծրագրի իրականացում, իրավունքների պաշտպանության ամրապնդում» ծրագրով: Այն կազմակերպվել և իրականացվել է ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:
Խոսելով դատապարտյալների զբաղվածության ապահովման և վերասոցիալականացման անհրաժեշտությունից՝ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին այս ծրագիրը կյանքի կոչելու համար՝ համոզմունք հայտնելով, որ այս ուղղությամբ համագործակցությունը շարունակական է լինելու: Անդրադառնալով «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կատարած աշխատանքին՝ նախարարը մյուս քրեակատարողական հիմնարկներում ևս մոտ ապագայում զբաղվածության բազմապրոֆիլ կենտրոններ ունենալու հույս է հայտնել: Նա նշել է, որ այդ կենտրոնները ազատությունից զրկված անձանց համար այնպիսի պայմաններ են ապահովում, որ ազատ կյանքում հնարավորություն է ընձեռվում գտնել աշխատանք և արժանապատիվ կյանք ունենալ։ Նա ևս մեկ անգամ հիշեցրել է վերասոցիալականացման ծրագրերի իրականացմանն ուղղված կամքի առկայության մասին։
Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, խոսելով Սևան քրեակատարողական հիմնարկում փայտամշակման ուսումնական կենտրոնի մասին՝ այն կոչել է մարդու իրավունքների վերականգնման և վերաինտեգրման սկզբունքներին ԵԽ հավատարմության մասին վկայող հերթական քայլ։ Նա շեշտել է, որ իրենց գործունեության և համագործակցության հիմքում իրական մարդիկ են, այս պարագայում՝ ազատությունից զրկված մարդիկ։ Նա հույս է հայտնել, որ մասնագիտական այս կենտրոնը նպաստելու է հասարակության մեջ նրանց վերափոխման հնարավորությանը։ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը նշել է, որ ուսուցման նման ծրագրերը կարող են էապես կրճատել կրկնահանցագործությունը, բարելավել հասարակական համերաշխությունը և նպաստել ավելի անվտանգ հասարակության կայացմանը։ Եզրափակելով նա հավելել է, որ Եվրոպայի խորհուրդը հպարտ է, որ աջակցել է փայտագործական այս կենտրոնի ստեղծմանը, որը ներառում է նաև ժամանակակից մեքենաներ, սարքավորումներ։
Ծրագրի վերաբերյալ խոսել են ՀՀ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը: Ծովինար Թադևոսյանն իր խոսքում շեշտել է, որ նմանատիպ ուսումնական կենտրոն-արհեստանոցի ստեղծումը պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացմանն անցնելու ամենատեսանելի և առարկայական արդյունքն է, և այն կփոխի ազատազրկված անձանց վերաբերմունքն աշխատանքի նկատմամբ՝ նոր մշակույթ ձևավորելով քրեակատարողական հիմնարկներում։
Տեղեկացնենք, որ 2022 թվականից սկսած՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում իրականացվում է կահույքագործության հմտություններ դասընթացը, որին մինչև 2024 թվականը մասնակցել է 60 անձ։ Դասընթացներն իրակացվում էին «Սևան» ՔԿՀ-ի կողմից տրամադրաված տարածքում, որը հագեցած չէր համապատասխան սարքավորումներով: 2024 թվականի ընթացքում Հայաստանում Եվրոպայի խորհրդի աջակցությամբ և ֆինանսավորմամբ վերանորոգվել է «Սևան» ՔԿՀ-ում գտնվող մոտ 190 քմ տարածք, ինչպես նաև ձեռք են բերվել նոր հաստոցներ և սարքավորումներ։
Այս ծրագիրն իրականացվել է Եվրոպայի խորհրդի «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդման ծրագրի» շրջանակներում։