Վալմարի արվեստը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում
հոկտեմբերի 02, 2025
ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարը (Վոլոդյա Մարգարյանը) այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ ազատազրկված անձանց հետ զրուցելու արվեստի, նկարչության և իր հարուստ ստեղծագործական ժառանգության մասին։
Մասնակիցները նախ դիտել են Վալմարի ծննդյան 75-ամյակին նվիրված փաստավավերագրական ֆիլմը՝ «Վալմար. գեղանկարիչ, ում արվեստում թագավորում է երաժշտությունը», որի հեղինակը և ռեժիսորն է Կարեն Թովմասյանը։ Նա նույնպես ներկա է եղել միջոցառմանը։ Ֆիլմը ներկայացնում է մեծանուն գեղանկարչի կյանքի և ստեղծագործական ուղու կարևոր պահերը՝ ընդգծելով նրա արվեստին հատուկ նրբերանգներն ու ինքնատիպ ոգին։
Հանդիպման ընթացքում ազատազրկված անձինք հնարավորություն են ունեցել նաև ուղղելու իրենց հարցերը Վալմարին և անմիջական շփման միջոցով բացահայտելու նրա արվեստի աշխարհը։ Միջոցառման ավարտին նկարիչը հիմնարկի գրադարանին նվիրել է իր ստեղծագործական գործունեության մասին պատմող համանուն գիրքը։