Մարզական

«Վանաձոր» ՔԿՀ ազատազրկված անձինք արժանացել են սպորտի վարպետի թեկնածուի կոչման

մարտի 06, 2026

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում օրեր առաջ անցկացված եռամարտի ներհիմնարկային առաջնության արդյունքում մրցանակային տեղեր զբաղեցրած ազատազրկված անձինք, իրենց քաշային կարգերում լավագույն արդյունքներ ցուցաբերելու համար, Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի կողմից արժանացել էին սպորտի վարպետի թեկնածուի կոչման։

Մարտի 3-ին նրանց հանձնվել են համապատասխան վկայագրերը, իսկ առաջին տեղը զբաղեցրած և ռեկորդ սահմանած ազատազրկված անձին հանձնվել է նաև ռեկորդ սահմանելու հավաստագիր։

Միջոցառման շրջանակում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արծրուն Պետրոսյանը Վանաձորի համայնքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Էրիկ Կոստանյանին հանձնել է շնորհակալագիր՝ հիմնարկում իրականացվող մարզական միջոցառումների և վերասոցիալականացման ծրագրերի կազմակերպման գործում երկարատև համագործակցության և աջակցության համար։ Մարզական միջոցառումների անցկացմանն աջակցելու և համագործակցելու համար շնորհակալագիր է հանձնվել նաև Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանին։

Իր հերթին Գագիկ Սարոյանը շնորհակալագրեր և գավաթ է հանձնել Արծրուն Պետրոսյանին և հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Վահե Ղազարյանին՝ ազատազրկված անձանց շրջանում առողջ ապրելակերպը, ֆիզիկական ակտիվությունը խթանելու, ինչպես նաև մարզական մշակույթի ձևավորման, թիմային ոգու ամրապնդման համար։