Մարզական

«Վանաձոր» ՔԿՀ-ում անցկացված թենիսի առաջնությունում մրցանակային տեղեր զբաղեցրած ազատազրկված անձինք պարգևատրվել են պատվոգրերով Վանաձոր համայնքի ղեկավարի կողմից

մարտի 28, 2025

ՀՀ Լոռու մարզի մարզական միջոցառումների մեկնարկին զուգահեռ՝ ազատազրկված անձանց շրջանում նույնպես իրականացվել է մարզական միջոցառում․ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է սեղանի թենիսի առաջնություն։ Միջոցառմանը ներկա են եղել Վանաձորի համայնքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ, Լոռու մարզի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Էրիկ Կոստանյանը և մարզիչ Տիգրան Մկրտչյանը։ Մասնակցել է 16 ազատազրկված անձ, որոնցից առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է Դավիթ Ներկարարյանը, երկրորդ և երրորդ տեղերը՝ համապատասխանաբար Գաբրիել Պողոսյանը և Արտյոմ Սաֆարյանը։ 

Հաղթողները Վանաձորի համայնքապետարանի և համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանի կողմից պարգևատրվել են պատվոգրերով։ Էրիկ Կոստանյանը և հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Վահե Ղազարյանը շնորհավորել են առաջնության մասնակիցներին՝ կարևորելով ազատազրկված անձանց ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպումը և վերջիններիս վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումների հաճախակի անցկացումը։